Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է չեղարկել Փարիզ նախանշված այցը՝ «ծրագրից դուրս մնացած միջոցառումների պատճառով»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահը որոշեց չեղարկել այդ այցը: Բանն այն է, որ որոշ միջոցառումներ էին ծրագրված՝ կապված ռուսական հոգեւոր-մշակութային կենտրոնի բացման հետ, ցուցահանդեսի բացում: Ցավոք, այդ միջոցառումները դուրս մնացին ծրագրից, այդ պատճառով նախագահը որոշեց առայժմ չեղարկել Ֆրանսիա կատարելիք այցը»,- ասել է Պեսկովը:
Այցի ծրագրից այդ միջոցառումների դուրս մնալու հարցը պարզաբանելու խնդրանքին Պեսկովը պատասխանել է. «Այդ հարցը հարկավոր է հասցեագրել ֆրանսիական կողմին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ BBC-ն եւ Reuters-ը վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը, հաղորդել էին, որ ՌԴ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Փարիզ այցից, որը նախանշված էր հոկտեմբերի 19-ին:
Աղբյուրների համաձայն՝ Պուտինի հնարավոր այցի հարցը Մոսկվան եւ Փարիզը քննարկել են հոկտեմբերի 11-ի առավոտյան: Ֆրանսիական կողմը նախագահներին առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել բացառապես Սիրիայում տիրող իրադրությունը՝ պնդելով, որ այլ թեմաների չպետք է անդրադառնալ: Ի պատասխան՝ ռուսական կողմը հայտարարել է, որ կցանկանար հետաձգել այցը:




























