Lipsmark ընկերությունը, որը Palcohol ապրանքային անվանումով փոշի ալկոհոլ է թողարկում, մտադիր է աճուրդի դնել իր արտադրության գաղտնիքը ու վաճառել այն տարբեր երկրների, հայտնում է Informing–ը։
«Սեփական ուժերով Palcohol-ն արտադրելու ու վաճառելու փոխարեն մենք որոշել ենք դրա պատրաստման գաղտնիքը վաճառել նրան, ով լավագույն գինը կառաջարկի յուրաքանչյուր երկրում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Նշենք, որ Lipsmark ընկերությունը աճուրդը ծրագրում է 2017 թ։ Աճուրդին մասնակցելու համար պոտենցիալ գնորդը պետք է ապացուցի իր վճարունակությունը։
Ընկերությունում ասում են, որ ըստ աճուրդի կանոնների՝ նույն մարդը կարող է գնել միանգամից մի քանի երկրներում չոր ալկոհոլի արտադրության իրավունքը։ Հայտնի է, որ աճուրդում նվազագույն դրույքը կկազմի 70 հազար դոլար։ Առանց աճուրդի արտադրության գաղտնիքը հնարավոր կլինի ձեռք բերել 12 մլն դոլարով։




























