ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի հետեւանքով 33 մարդ է զոհվել: Ավելի վաղ իշխանություները հաղորդում էին 27 զոհի եւ 3 անհետ կորածի մասին: Այս մասին հաղորդում է ՄԻՐ 24-ը՝ վկայակոչելով NBC News-ը:

Զոհերի գրեթե կեսն արձանագրվել է Հյուսիսային Քարոլինա նահանգում: Լենուար շրջանում հայտարարվել է ջրհեղեղի վտանգի մասին, բնակիչները տարհանվում են:

«Մեթյու»-ն դարձել է Ատլանտյան օվկիանոսի ամենահզոր փոթորիկը 2007 թվականից ի վեր: Վերջին տվյալներով, այն թուլացել է՝ հասնելով արեւադարձային ցիկլոնի մակարդակի:

ԱՄՆ-ում տարերային աղետի հասցրած վնասը 30 մլրդ դոլար է գնահատվում: Սակայն «Մեթյու»-ն ավերիչ հետեւանքներ է ունեցել հատկապես Կարիբյան ավազանի երկրների համար: Փոթորկի հետեւանքով Հաիթիում 1000 մարդ է զոհվել: