Արեւելագերմանական դաշնային հողերը դեմ են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, որ մի շարք պատգամավորներ առաջարկում են սահմանել՝ կապված Սիրիայում իրադրության սրման եւ սիրիական ռեժիմի վրա ճնշում գործադրելուց Մոսկվայի հրաժարվելու հետ: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel-ը:

«Ես այդ պահանջի մասին մեծ կարծիք չունեմ»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է Մեկլենբուրգ-Վերին Պոմերնի ղեկավար Էրվին Զելերինգը: Նա կարծում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ու էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը ճիշտ են անում՝ հանդես գալով Մոսկվայի հետ երկխոսության օգտին:

«Գերմանիայի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերից է բխում ավելի սերտ համագործակցության վերադառնալը: Մենք ցանկանում ենք հետագա տարիներին ընդլայնել կապերը եւ ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս արագ վերացնեն պատժամիջոցները»,- ասել է նա:

Նույն կարծիքին է Սաքսոնիայի վարչապետ Ստանիսլավ Թիլիխը: «Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցում են հակամարտող մի քանի կողմեր եւ, ուղղակի կամ անուղղակի, մի քանի պետությունններ: Բանակցությունների վերսկսումը պատժամիջոցներից ավելի նախընտրելի տարբերակ է: Պետություններից մեկի դեմ պատժամիջոցները չեն հանգեցնի հակամարտության լուծման»,- վստահ է Թիլիխը:

Սաքսոնիա-Անհալթի վարչապետ Ռայներ Հազելոֆը նույնպես կասկածում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետությանը, որոնք երկարաձգվել են մինչեւ 2017 թվականի հունվարի վերջը. «Արդեն գործող պատժամիջոցներն արդյունք չտվեցին: Դրանք միայն խանգարեցին տնտեսական փոխանակմանը, ինչպես նաեւ Սաքսոնիա-Անհալթի ընկերություններին, որոնք ավանդաբար մեծ կապեր ունեն ռուսական ձեռնարկությունների հետ»: