Պետք է տարածաշրջանում ապահովել խաղաղությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ասաց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
Անդրադառնալով հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի տապալմանը, նա նշեց, որ թուրք ժողովուրդը ցույց տվեց, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է եւ հարգում է Սահմանադրությունը:
Չավուշօղլուն ընդգծեց, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պետք է պայքարել միասնաբար. ««Իսլամական պետություն» ահաբեկչական միավորման անդամները ահաբեկիչներ են, ոչ թե մուսուլմաններ, սա չպետք է մոռանալ: Մենք ավելի քան երբեք բաց ենք երկխոսությունների եւ քննարկումների համար»:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա հարցերին, այդ թվում Ղարաբաղյան հարցին, թուրք պաշտոնյան ընդգծեց՝ պետք է տարածաշրջանում ապահովել խաղաղությունը:
Նշենք, որ Սիրիայում հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան աջակցել եւ շարունակում է աջակցել «Իսլամական պետությանը»: Այդ մասին բարձրաձայնել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ եւ քաղաքական գործիչքներ: Մասնավորապես, իտալական Feltrinelli-ն գրել էր, որ Թուրքիան կրկնում է հարյուրամյա արարքները՝ բոլորի աչքի առջեւ աջակցելով «Իսլամական պետության» մարդասպաններին. «Անցյալի սպանությունները կրկնվում են արտառոց պարզությամբ։ Թուրքական պետքության վերնախավը բոլորի աչքի առաջ ֆինանսավորում եւ աջակցում է այնպիսի մարդասպանների, որոնք սպանում են Հալեպի հայերին եւ Սիրիայի այլ բնակիչների»:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ




























