Մի խումբ երկրաբաններ ու հնագետներ հայտնաբերել են նախնադարյան մարդկանց հարյուրավոր ոտնահետքեր, որոնք պահպանվել են Օլ Դոինյո Լենգաի աֆրիկյան հրաբխի կողքին։ Գիտնականները նշում են, որ դրանք մոտ 5․8-ից 19․1 հազար տարեկան են, գրում է Vista պորտալը։

Հետազոտողները վստահ են, որ գտածոյի մանրակրկիտ ուսումնասիրությունը թույլ կտա բազմաթիվ նոր տեղեկություններ իմանալ, թե՛ նախնադարյան մարդկանց կառուցվածքի, թե՛ նրանց տեղաշարժերի մասին։ Գիտնականնեըր նշում են, որ դեռ երբեք նույն տեղում այդքան շատ հին ոտնահետքեր չեն հայտնաբերվել։ Հետազոտողները վստահ են, որ այս խումբը կազմված է եղել տղամարդկանցից ու կանանցից, նրանց ուղեկցել են նաեւ ծերեր ու երեխաներ, նրանք ինչ -որ տեղ են շտապել։

Հետազոտողները երկար ժամանակ փորձել են պարզել, թե ինչպես կարող էին այդ հետքերը այդքան լավ վիճակում պահպանվել, չէ՞ որ տասնյակ հազարավոր տարիներ են անցել։ Հետագայում նրանք պարզել են, որ այդ տարածքը նախկինում ծածկված է եղել մագմայի փոշով ու կեղտով, որը հրաբխից էր գոյացել։ Հիմա կլիմայի փոփոխությունների պատճառով այդ ծածկույթը վերացել է, ու դրա տակից ի հայտ են եկել հին ժամանակներում ապրող մարդկանց հետքերը։