Կանադացի գիտնականները առաջարկում են ամռանը տների սառեցման համար օգտագործել ձմռանը ճանապարհներից հավաքվող ձյունը։ Նախաձեռնությունը ներկայացված է Clean Technologies and Environmental Policy ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է Lenta–ն։

Հետազոտության հեղինակները պարզաբանել են, որ օդորակիչներին ու կլիմատ քոնթրոլ համակարգերին է բաժին ընկնում Կանադայում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 17 տոկոսը։ Ապագայում այդ ցուցանիշը կաճի։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականների կարծիքով նոր տեխնոլոգիան կնվազեցնի այդ ծախսերը։ Նաեւ կլուծվի հյուսիսին բնորոշ մեկ այլ խնդիր՝ ճանապարհներից հավաքված ձյան ուտիլիզացիայի խնդիրը։

Համակարգչային մոդելի համար արված հաշվարկները ցույց են տվել, որ սառեցման առաջարկվող համակարգը ունակ է արված ծախսերը ծածկել 20 տարվա ընթացքում։ Բացի դրանից կնվազի կլիմայի վրա ծանրաբեռնվածությունը, կնվազեն սառեցնող սարքերից ֆրեոնների ու ծծմբագազի՝ նաեւ ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են էլեկտրականության արտադրության ժամանակ։