Կրեմլում բացասաբար են գնահատում ԱՄՆ իշխանությունների մտադրությունը ռուս հաքերների հարձակումներին «համարժեք» պատասխանելու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կիբերհարձակումներին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքները անհեթեթ են եւ մերկապարանոց: «Ռուսաստանը մշտապես հավատարիմ է եղել, կա եւ հավատարիմ կմնա կիբերահաբեկչության եւ հաքերության դեմ պայքարի անհրաժեշտության սկզբունքներին»,- հավելել է Պեսկովը:
Նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեսթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է Ռուսաստանին «համարժեք պատասխան» տալ հաքերների հարձակման համար: Նրա խոսքով՝ կան մի շարք հնարավոր պատասխան գործողություններ, եւ ԱՄՆ նախագահը կընտրի դրանցից մեկը։




























