ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:
ՀՀ փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանն առանձնանում է բիզնես միջավայրի ազատականացման աստիճանով եւ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով մեր երկիրը 189 պետությունների շարքում 35-րդ տեղն է զբաղեցնում, իսկ բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդն է:
ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին ու դրա առանձնահատկություններին, կառավարման համակարգին, ինչպես նաեւ տեղեկություններ է փոխանցել երկիր մուտքի անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային եւ էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։ Անդրադառնալով այն հարցադրմանը, թե «Ինչո՞ւ Հայաստան»` Վաչե Գաբրիելյանը մատնանշել է մի քանի պատճառներ Հայաստանում ներդրումներ կատարելու եւ գործարարությամբ զբաղվելու համար: Հատուկ շեշտադրվել են այն օգուտներն ու հնարավորությունները, որոնք հնարավոր են դարձել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, Եվրամիության GSP+ եւ ԱՄՆ-ի հետ GSP առեւտրային ռեժիմի առկայության, Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության արդյունքում։
Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար բարեփոխվում են հարկային եւ մաքսային ոլորտները: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքը արտոնություններ է սահմանում ներդրողների ու գործարարների համար:




























