Եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կքննարկեն Ռուսաստանի վրա ազդեցության հնարավոր միջոցները՝ կապված Սիրիայում իրադրության սրման հետ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնն առայժմ հստակ առաջարկներ չունեն հնարավոր պատժամիջոցների եւ այն մասին, թե ում դեմ կարող են դրանք սահմանվել: Առայժմ առաջարկն ընդհանուր գծերով է քննարկվում:
Հոկտեմբերի 17-ին հարցը կբարձրացվի ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: Հստակ առաջարկներ չեն սպասվում, բայց Հալեպի ռմբակոծության շարունակման դեպքում այդ հարցին «լուրջ ուշադրություն» կդարձվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեմ «սիրիական» պատժամիջոցների սահմանման հնարավորության հարցը քննարկվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շրջապատում, որն իր քաղաքական դաշնակիցների աջակցությունը դեռեւս չի ստացել:
Ամեն դեպքում՝ այս հարցով առաջարկներ արդեն հնչել են: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոքը՝ Մերկելի դաշնակիցը, հայտարարել է, որ պատժամիջոցները կարող էին պարունակել Ռուսաստանին այնպիսի տեխնոլոգիաների փոխանցման արգելք, որոնք հնարավոր է օգտագործել զենք մշակելիս:




























