Չինաստանում որոշել են երկրի ամենահարուստ բնակչին. նա Dalian Wanda Group-ի 62-ամյա ղեկավար Վան Ցզյանլինն է, ում կարողությունը կազմում է 32.1 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Hurun Research Institute հետազոտական կազմակերպությունը, որը հրապարակել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը:
ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով՝ 2015 եւ 2013 թվականներին նույնպես Վան Ցզյանլինն է ճանաչվել Չինաստանի ամենահարուստ բնակիչը: 2013 թվականին նրա կարողությունը գնահատվել է 22 մլրդ դոլար:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում գործարար եւ Չինաստանի խոշորագույն Alibaba Group համացանցային ընկերության հիմնադիր Ջեք Ման է: Նրա կարողությունը կազմում է 30.6 մլրդ դոլար: Երրորդ տեղում հեռահաղորդակցության Tencent ընկերության հիմնադիր Մա Հուաթենն է, ում կարողությունը գնահատվում է 24.6 մլրդ դոլար:
Չորրորդ տեղում է հայտնվել Baoneng Group անշարժ գույքի ընկերության ղեկավար 45-ամյա Յո Չժենհուան՝ 17.2 մլրդ դոլար կարողությամբ:
Նշվում է, որ աշխարհում 754 չինացի միլիարդատեր կա:



























