Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Եվրամիության եւ Կանադայի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը (CETA) վերանայելու պահանջով հայցը, որը հայցվորները ոչ ժողովրդավարական են համարել:

Հայցը ներկայացնողները համաձայնագրի որոշ պարամետրերը գործողության մեջ դնելու պլանների դեմ են հանդես եկել դեռեւս մինչ Եվրամիության բոլոր անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից հավանության արժանանալը, փոխանցում է BBC-ն:

ԵՄ երկրների առեւտրի նախարարները հաջորդ շաբաթ պետք է անցկացնեն պայմանագիրն ընդունելու հարցի քվեարկություն: Եթե փաստաթուղթը միաձայն ընդունվի, ապա այն կարող է ստորագրվել հոկտեմբերի 27-ին: CETA համաձայնագիրը նախատեսված է մի շարք առեւտրային սահմանափակումները վերացնելու համար, որոնք ներկայումս գործում են Կանադայի եւ ԵՄ միջեւ:

Օգոստոսի վերջին Ֆրանսիայի առեւտրի նախարար Մաթիաս Ֆեկլը հայտարարել էր, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Ազատ առեւտրի տրանսատլանտյան գոտու (TTIP) ստեղծման շուրջ բանակցությունների ընթացիկ փուլը պետք է դադարեցվի: Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը իր հերթին պնդել էր, որ այդ բանակցությունները փաստացի տապալվել են: