Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը Մառնեուլի (Քվեմո Քարթլիի շրջան) ընտրատեղամասի տարածքում անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու նպատակով քննությունը շարունակվում է, նոր ձերբակալություններ են սպասվում: Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն:

Վրաստանի ՆԳ նախարարությունն արդեն հայտնել է, որ Քիզիլաջլո գյուղի №48 ընտրատեղամասի տարածքում անկարգությունների հետ կապված 6 մարդ է ձերբակալվել: «Քննությամբ պարզվել է, որ նշված անձինք ընտատեղամասին կից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ագրեսիվությամբ են աչքի ընկել: Նրանք քաղաքացիներին կոչ են արել ներխուժել ընտրատեղամաս եւ գողանալ քվեատուփը, իսկ այնտեղ կարգ հաստատելու համար հավաքված ոստիկանների վրա քարեր են նետել»,- ասել է ՆԳՆ հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Թեյա Պերտայան:

Ավելի վաղ նախարարությունից հայտարարել էին, որ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  եւ «Պաատա Բուրճուլաձե. Պետություն ժողովրդի համար» դաշինքի կողմնակիցները քվեարկության ժամանակ փորձել են ներխուժել ընտրատեղամաս եւ հափշտակել քվեատուփը: Նրանց ոստիկանությունն է խանգարել: Դրանից հետո կուսակցության կողմնակիցները սկսել են իրենց ագրեսիվ պահել եւ ոստիկանների վրա քարեր նետել: