Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովում հոկտեմբերի 13-ին քննարկվել է կրթության միջոցով գենդերային հավասարության պահպանման հարցը:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից փոխանցում է, որ Միացյալ թագավարության Opcit հետազոտական կենտրոն տնօրեն Քեթի Մքգրաքենը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում արված հետազոտության արդյունքները:

Այսպես, ըստ փորձագետի, կանայք ավելի ցածր են գնահատում իրենց հնարավորություններն ու արժեքները, քան տղամարդիկ, կանայք անձամբ իրենց ավելի քիչ են բարձր պաշտոնների պատկերացնում, քան տղամարդիկ, կանայք եւ աղջիկները չարաշահման զոհեր են համարվում:

«Կանայք ընտրում են այն ոլորտները, որոնք առավել ցածր արժեքներ են պահանջում: Կանայք որպես կանոն աշխատում են կես դրույքով, ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Ֆինանսական ոլորտներում նույնպես շատ քիչ կանայք են ներգրավված, քանի որ ոչ միշտ են պատրաստ ռիսկի դիմել բիզնեսում»,- ասաց Քեթի Մքգրաքենը:

Փորձագետը համոզված է, որ այս ամբողջը սկսվում է դպրոցից, հենց այստեղ է պետք գենդերային հավասարություն քարոզել, քանի որ ինչպես հետազոտությունն է ցույց տվել, դպրոցներում տղաներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան աղջիկներին:

Հանձնաժողովի անդամները հաստատեցին, որ շատ մեծ աշխատանք կա կատարելու այս ուղղությամբ, պետք է առավել ակտիվ գործել:

«Ես ամաչում եմ իմ երկրի համար, որովհետեւ մեզ մոտ իսկապես խտրականություն կա: Կանանց, իմ կարծիքով, ավելի շատ իրավունքներ պետք է տրվեն»,- ասաց շվեյցարիացի պատգամավոր Մանուել Տորնարեն՝ հավելելով, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Քննարկման ավարտին հետազոտության հեղինակը եւս մեկ անգամ շեշտեց, որ դպրոցներից է պետք սկսել՝ մտցնելով գենդերային հավասարություն:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ