Հայաստանը կարող է համագործակցել Բրազիլիայի հետ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության եւ մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Բրազիլիան աշխարհի այն երկրներից է, որն ունի զարգացած գյուղատնտեսություն, եւ Հայաստանը պատրաստ է առավել սերտ փոխգործակցություն ծավալել այս բնագավառում: Նախարարի խոսքով` Հայաստանը շահագրգռված է փոխադարձ ներդրումային դաշտի ակտիվացմամբ եւ պատրաստ աջակցելու այն բոլոր գործարարներին եւ կազմակերպություններին, որոնք հետաքրքրված կլինեն դրանում:

«Հայաստանը կարող է համագործակցել Բրազիլիայի հետ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, եւ մենք պատրաստ ենք բրազիլացի մեր գործընկերների հետ քննարկել համատեղ գործունեության ծավալման եւ ներդրումների իրականացման յուրաքանչյուր առաջարկ», - նշել է նախարարը:

Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ 2016 թվականի օգոստոսին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը խթան կհանդիսանա այս բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջեւ գյուղատնտեսական ապրանքաշրջանառության ավելացմանը:

Էումար Նովացկին իր հերթին նշել է, որ բրազիլացի գործարարները մեծապես հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում բիզնես կապերի հաստատմամբ եւ համագործակցության ընդլայնմամբ, սակայն կոնկրետ քայլերի իրականացմանը խոչընդոտում է անհրաժեշտ տեղեկատվության սակավությունը: Այս բացը լրացնելու նպատակով կողմերը պայմանավորվել են կազմակերպել մասնագետների փոխայցեր` ոլորտի տարբեր ճյուղերում փորձի փոխանակման համար: Այս համատեքստում նախարար Իգնատի Առաքելյանը կարեւորել է նաեւ հայ փորձագետների համար խորհրդատվության եւ ուսուցման կազմակերպման հնարավորությունը:

Քննարկվել է նաեւ գյուղատնտեսության ոլորտում հայ-բրազիլական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

Հանդիպման ժամանակ բրազիլական կողմն առաջարկել է նաեւ Հայաստանից փորձագիտական խումբ գործուղել Բրազիլիայի գյուղատնտեսության, անասնապահության եւ մատակարարման նախարարության կենդանական ծագման արտադրանքի տեսչություն` այս երկրում գյուղատնտեսության բնագավառին, այդ թվում նաեւ` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում գրանցված հաջողություններին տեղում ծանոթանալու համար, նշված հարցում համագործակցել նախարարության Բրազիլիայի գյուղատնտեսական հետազոտությունների կորպորացիայի (Embrapa) հետ: