Հայկական «Էլեկտրոն» ԲԲԸ-ն ստեղծել է սակրավորների համար սարքեր՝ երկարաժամկետ գործողության մարտկոցներով։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է գործարանի գլխավոր ինժեներ Սերգեյ Ջաղինյանը։

«Ականորս սարքերի աշխատանքի ժամանակը 10-ից 25 ժամ է երկարացվել, իսկ երբ լիցքավորման սպառվելուն 2 ժամ է մնում, սարքը ազդանշան է տալիս, որպեսզի սակրավորը հասցնի հեռանալ ականապատ դաշտից»,- պարզաբանեց Ջաղինյանը։

Ձեռնարկության մյուս մշակումներից է անջրթափանց ականորս սարքը, որն ունակ է հակատանկային ականները գտնել 60 մ խորության վրա։

Այդ ականորս սարքերի համար կառավարման մոդուլն այնքան հուսալի է ստացվել, որ դրանով հետաքրքրվել են ռուսական ինժեներական զորքերը։

«Նրանք ուզում են, որ մենք միասին աշխատենք ու մեր տեխնիկան ներդնենք նրանց սարքերում։ Նրանք շատտեխնոլոգիաներ ունեն, բայց ինչ-որ բանով մենք էլ կարող ենք նրանց օգտակար լինել»,- նկատեց Ջաղինյանը։

Ձեռնարկության մշակումներից է նաեւ ոչ մետաղական շոշափոցով ականորս սարքերը, որոնք նախատեսված են մագնիսային դաշտին արձագանքող ականների որոնման համար։