Հայաստանի Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

Հայաստանի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց, այդ թվում Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին  օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը:

Օրակարգում ընդգրկված նախագծերի թվում է նաեւ 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Հորիզոն-2020. հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիրը (2014-2020)»:

Ենթադրվում է, որ խորհրդարանին կներկայացվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը:

Նախագծերի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: 

Նշենք, որ Սահմանադրության 74 հոդվածի համաձայն կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: