Ռուսաստանը մտադիր է այսուհետ եւս ջանքեր գործադրել՝ Ճապոնիայի հետ երկկողմ համագործակցությունը 1956 թվականի համատեղ հռչակագրի հիման վրա զարգացնելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հռչակագրի ստորագրումը (նախկին ԽՍՀՄ-ի եւ Ճապոնիայի միջեւ), որը դադարեցրեց պատերազմի վիճակն ու վերականգնեց երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները, խոշոր պատմական իրադարձություն դարձավ, կարեւոր էջ երկկողմ կապերի զարգացման ճանապարհին»,- երկու երկրների հարաբերությունների վերականգնման 60-ամյակի առիթով կազմակերպված Ճապոնա-ռուսական համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում ասել է Լավրովը:
Նա նշել է, որ երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված փաստաթուղթն «այսօր էլ ռուս-ճապոնական փոխգործակցության իրավաբանական հիմքն է»: Լավրովի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ համատեղ աշխատանքին լրացուցիչ ազդակ կհաղորդեն բարձր մակարդակով առաջիկա շփումները:




























