Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամներն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, բոյկոտելու են եւ չեն մասնակցելու Վանաձորում Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը։ NEWS.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը նշեց, որ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ որևէ կանոնակարգով նման արարողություն նախատեսված չէ եւ նորընտիր քաղաքապետն ինքնագործունեությամբ է զաղվում եւ իրենք չեն պատրաստովւմ մասնակցել ապօրինի միջոցառման:
«Նման կարգ չկա սահմանված եւ մարդիկ, ովքեր օրենք էին պաշտպանում, հիմա պետք է փորձեն հիմնավորել, թե էդ ո՞ր օրենքով է երդում տալիս, օրենքի ո՞ր կարգավորումն է դրա մասին ասում եւ այլն: Քանի որ մենք ուզում ենք օրենքով շարժվել, որեւէ ապօրինի միջոցառման չենք մասնակցի»,-ասաց նա:
Քրիստ Մարուքյանը նաեւ նշեց, որ բոյկոտելու են ավագանու նիստերը. «ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն 15 մանդատ ունեն. հիմա եթե մեր երեք խմբակցությունները չմասնակցեն, քաղաքապետը չի կարողանա նիստ գումարել: Այդ պարագայում կբացահայտվի՝ ովքեր են այն 4 հոգին, որոնք փակ քվեարկությամբ նրա օգտին են քվեարկել»:




























