Օրերս Բրյուսելում կայացել է Եվրոպայի աշակերտական ասոցիացիայի (EUPAS) ամենամյա հավաքը, որի ընթացքում «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը միաձայն քվեարկության արդյունքում դարձել է EUPAS դիտորդ անդամ:
Ինչպես տեղեկացնում է «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական ՀԿ նախագահ Ելենա Փիլիպոսյանը, այս ձեռքբերումը մեծ կարեւորություն ունի, քանի որ Եվրոպայի տարբեր երկրների աշակերտների հետ անմիջական կապի մեջ լինելու, նրանց հետ փորձի փոխանակման, գաղափարների քննարկման եւ իրականացման, կրթական հիմնախնդիրների բարձրաձայնման հնարավորություն կտա:
«Նման խոշոր կառույցի հետ համագործակցությունը հայ աշակերտների ձայնը լսելի կդարձնի եւ նրանց խոշորագույն ծրագրերում ներգրավված լինելու հնարավորություն կընձեռի, եւ որ շատ կարեւոր է, Հայաստանը Եվրոպայի աշակերտների շրջանում էլ ավելի ճանաչելի կդարձնի»,- նշում է «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական ՀԿ նախագահ Ելենա Փիլիպոսյանը:
Նշենք, որ հավաքի շրջանակներում ընտրվել է EUPAS նոր ղեկավար կազմը եւ ընդունվել են բանաձեւեր՝ Եվրոպայում առավել արդյունավետ երիտասարդական կյանքի ապահովման վերաբերյալ:




























