Կենտրոնի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն տիկին Ավագյանը մի օրում 2 նկատողություն է տվել մանկապարտեզի մեթոդիստ Ռուզաննա Ղեւոնդյանին ու նույն օրն էլ խզել նրա հետ աշխատանքային պայմանագիրը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ըստ Ռուզաննայի՝ այս ամենն ուղեկցվել է իր հասցեին գռեհիկ արտահայտություններով: ՀՈԱԿ-ի տնօրենին նշանակում է վարչական շրջանի ղեկավարը, այսինքն՝ Արա Սադոյանն է նշանակել, ով տեղյակ է այս պատմությանը: Համոզված եմ, որ եթե տիկին Ավագյանը վերեւներում չունենար հովանավոր, նախ՝ չէր նշանակվի, երկրորդ՝ կաշխատեր պարկեշտորեն, իր պարտականությունները կկատարեր բարեխղճորեն ու այն մեթոդիստին, ում մասին շատ դրական են արտահայտվում ծնողներն ու Կենտրոնի կրթության վարչության անձնակազմի ղեկավարը, չէր համարձակվի ասել. «Կաբինետից դուրս արի եւ օդը մաքրի»:

Նման պահվածքը մի փաստի մասին է խոսում, որ այս տիկինը վերեւներում ունի բարձր հովանավոր, ում ինքը հաճույքով խայտառակում է ու շարունակում է աշխատել: Ես արդեն դիմել եմ Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով, որ տեղեկացնեն քաղաքացի Ռուզաննա Ղեւոնդյանի աշխատանքի ոտնահարված իրավունքը վերականգնելուն ուղղված՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանի եւ քաղաքապետի քայլերի մասին:

Տեսնես ո՞վ է այդ հովանավորը»: