Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզվել է, որ հիշյալ թեկնածուն պարտվել է, Ս. Մ.-ն քվեաթերթիկները տեղավորել է մեքենայի մեջ՝ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելու նպատակով, սակայն…
Հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզի թիվ 23/01 ընտրատեղամասից դուրս Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն եւ նրա համախոհները բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացի Ս. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի թիվ 23/01 ընտրատեղամասից դուրս Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ս. Մ.-ին՝ ձայներ չապահովելու ու իր չընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ:
Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզվել է, որ հիշյալ թեկնածուն պարտվել է, Ս. Մ.-ն քվեաթերթիկները տեղավորել է մեքենայի մեջ՝ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելու նպատակով, սակայն հիշյալ թեկնածուի համախոհները մոտ 5-6 ժամ փակել են մեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Ս. Մ.-ն նշել է նաեւ, որ այդ ընթացքում ոստիկանության ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել, իսկ երբ 2016թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, դիմել է ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին՝ իր նկատմամբ կատարված հանցագործության դեպքի առթիվ հաղորդում տալու նպատակով, բաժնի հերթապահն ու մյուս պաշտոնատար անձինք իրենից հաղորդում չեն ընդունել:
Քաղաքացիների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու եւ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























