Դպրոցների տնօրենների շարքում չափազանց շատ են պատահական մարդիկ, թեեւ ունեն համապատասխան չափանիշները՝ ստաժ եւ այլն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով, ոչ մեկն առանց գյուղապետի, առանց մարզպետի քիմքին հարմարեցնելու չի կարող լինել դպրոցի տնօրեն. «Դպրոցների տնօրենները հլու կամակատար անձինք են, որովհետեւ ունեն «դաբրո», իսկ եթե չունենային, չէին հայտնվի այդտեղ»:
Որպես օրինակ նա բերեց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի դպրոցում տիրող իրավիճակը՝ նշելով. «Այնտեղ կա Հասարակագիտության մի շատ պատրաստված ուսուցչուհի, ազատամարտիկ ու ՀՀԿ-ական Սիրամարգ Ղազարյան, ով ոչ մի կերպ չի կարողանում դառնալ դպրոցի տնօրեն, քանի որ ընդվզող մարդ է ու գյուղապետը հայտարարում է՝ դու չես լինի տնօրեն, իմ ընկերը պետք է լինի:
Մարզպետը շատ լավ գիտի այս ամենի մասին, բայց նա հովանավորում է այս ամենը: Այդ դպրոցում նյութական, ֆինանսական չարաշահումներ են եղել, որոնց մասին այս կինը բարձրաձայնել է: Ինչո՞ւ ես տեսել չարաշահումը, ինչու ես բարձրաձայնել: Ցավոք, այդպես է ամեն տեղ»:
Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ բոլոր դպրոցները պետք է լինեն Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո, որովհետեւ կրթության քաղաքականության համար պատասխանտուն նախարարությունն է, իսկ մարզպետը պետք է իրականացնի այդ քաղաքականությունը:
Դիտարկմանը, թե շրջանառվում է նաեւ նախագիծ, ըստ որի, դպրոցները կարող են դրվել համայնքապետարանների ենթակայության ներքո, Բախշյանը արձագանքեց, որ դա կարող է կործանարար լինել. «Հերթով կփակեն դպրոցները, ինչպես փակվեցին մանկապարտեզները: Կասեն՝ փող չունենք փակում ենք, գյուղապետին ի՞նչ կա»:




























