Ընդդիմությունը խոսում է համախմբման եւ իշխանությունների մեքենայությունների մասին, բայց իրականում նրանց քաղաքական ճանապարհները բաժանվում են նույնիսկ ընտանիքներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի նոր խմբագրված տեքստում առաջարկված են կեղծիքների եւ ստահոդ բողոքների դեմ պայքարի լրացուցիչ միջոցներ: Առաջարկվել է հրապարակել ընտրություններում քվեարկած ընտրողների ցուցակները, որ ոչ մեկի մոտ կասկած չմնա, թե ընտրությունների եկած քաղաքացիներն անհասկանալի կերպով չեն քվեարկել:
Ընդդիմության հայտարարություններն այն մասին, որ իշխանությունները վախեցրել են Վանաձերի ընտրություններում ավագանուն՝ նա շահարկում է անվանել: «Նայեք այդ երեք ընդդիմադիր ուժերի ցուցակները («Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» - խմբ.): Նայեք, թե նրանց շարքերում քանի իրական քաղաքական գործիչ կա: Ավելին ասեմ: Ընտանիք կա, կենցաղում, ի դեպ, շատ համախմբված, որոնց երեք անդամներ երեք տաբեր ցուցակներում են եղել: Ուշագրավ է, որ մինչեւ ընտրությունները ընդդիմությունը չէր պայմանավորվել կոալիցիա կազմելու մասին, նշանակում է, որ հիմա հիմք չունի իր ավագանիներին մեղադրելու, որ խախտել են միասնական թեկնածուի օգտին քվեարկելու համաձայնագիրը: Արտաքուստ էֆեկտիվ, բայց անհիմն հայտարարությունները հեշտ է հերքել: Իսկ ԸՕ-ում փոփոխությունները կօգնեն ընտրություններն առավել թափանցիկ եւ արդար անցկացնել»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:




























