Արցախում ապրիլի 12-ին ծանր վիրավորված պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Համբարձումովը շարունակում է բուժումը «Արթմեդ» բժշկական վեևականգնողական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին վիրավոր զինծառայողի հարազատները:
Դավիթ Համբարձումովը դեռեւս քայլել չի կարողանում, տեղաշարժվում է սայլակի օգնությամբ:
«Նոյեմբերի 4-ին գլխի վիրահատության է ենթարկվելու Դավիթը, այժմ դրան ենք պատրաստվում»,- հայտնեցին հարազատները:
Նշենք, որ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում 3 ամիս բուժում ստանալուց հետո Դավիթը կրկին բազմապրոֆիլային հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկների խոսքով՝ նա դեղորայքային բուժման կարիք ունի, իսկ Կարմիր խաչը նման բուժօգնություն չի տրամադրում: Թեեւ բժիշկները սպասում էին, որ նա շուտով գոնե հենակներով կքայլի, մինչեւ այսօր որեւէ փոփոխություն վիճակի մեջ չկա:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումովը գլխի շրջանում վիրավորումը ստացել է Թալիշում: Ընկերները եւ հրամանատարը նրան հանել էին գնդակոծվող տարածքից, առաջին օգնություն ցույց տվել, այնուհետեւ տեղափոխել նախ Մարտակերտի, ապա՝ Ստեփանակերտի հոսպիտալ:
Բժիշկների կանխատեսումներով, Դավիթը հազիվ թե 100 տոկոսով վերականգնվի, նրա մոտ որոշ «մնացորդային երեւույթներ» ամենայն հավանականությամբ կմնան եւ գուցե ձախ վերջույթները 100 տոկոսով շարժական չլինեն: Այնուամենայնիվ, բժիշկները վստահ են, որ Դավիթը կկարողանա քայլել եւ վերականգնումից հետո նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի: Բայց նրա վերականգնումը երկար եւ համառ աշխատանք կպահանջի ինչպես Դավիթից, այնպես էլ մասնագետներից:




























