Ինչ-որ  ծրագրեր կարելի է ներկայացնել, իսկ հետո անել նույն  չարագործությունը, ինչ արվել է 18 տարի շարունակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նոր կառավարության ներկայացրած ծրագրին:

«Մեծ հաշվով ես չեմ կարծում, որ ինչ-որ ծրագրի տեքստով կարելի է  բարելավել երկրի վիճակը։ Ինչ-որ  ծրագրեր կարելի է ներկայացնել, իսկ հետո անել նույն  չարագործությունը, ինչ արվել է 18 տարի շարունակ։  Այնպես որ անկախ ծրագրի բովանդակությունից իհարկե այս կոռումպացված համակարգից լավ բան չենք սպասում»,-նշել է Լեւոն Զուրաբյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների այն հայտարարություններին, որ այդ ծրագիրը նախատեսված է վեց ամսվա համար եւ մինչեւ ապրիլյան խորհրդարանական ընտրություններ այն պետք է իրագործվի, Զուրաբյանն ասաց. «Եթե վեց ամսվա ծրագիր է, ակնհայտ է, որ խոսքը նախընտրական խոստումների  մասին է, դրանով արդեն վստահելիությունը այդ ծրագրի նկատմամբ կասկածելի է»,-նշել է նա։