Ռուսաստանը ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովն օգտագործեց ցուցադրելու համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու իր պատրաստակամությունը: Հոկտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ մեկնաբանելով Երեւանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Նրա խոսքով, սակայն, ավելի ուշ հայտարարվեց, որ եթե շարունակվի կազմակերպության երկրները ՀՀՊ համակարգերով «շրջապատելու» գործընթացը, ապա ՀԱՊԿ-ը պատասխան քայլերի կդիմի: Այսինքն՝ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի միջոցով իր ռազմական հայեցակարգն է իրականացնում, որը չեն աջակցում միջինասիական երկրները, նշեց Նավասարդյանը՝ հավելելով, որ Ղազախստանն ու Ղրղզստանը խաղում են եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի հետ: «Այդ պատճառով նազարբաեւը չժամանեց Երեւան: Շատերը կարծում են, որ դա թյուրքալեզու երկրներին կատարված ռեւերանս էր, բայց դա ռեւերանս էր Արեւմուտքին»,- կարծում է Նավասարդյանը:
«Ոչ մեկը չէր էլ ակնկալում, որ գագաթնաժողովին Ղարաբաղին աջակցելու հայտարարություններ կընդունվեն: ՀԱՊԿ-ը Ղարաբաղի վերաբերյալ իր առջեւ որեւէ խնդիր չի դնում: Սակայն ընդունված հայտարարությունը կարեւոր է, բայց այն Ալիեւին անհանգստացրեց: Այդ հայտարարության համաձայն՝ անհրաժեշտ է կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, ինչը Ալիեւը չի ցանկանում կատարել»,- նշեց նա:
Խոսելով այն մասին, որ Երեւանում չընտրվեց կազմակերպության նոր գլխավոր քարտուղար՝ Արման Նավասարդյանը նշեց, ո դա կարող էր ռեւերանս լինել թյուրքալեզու երկրներին: «Բայց չկա չարիք առանց բարիքի: Երկու բլոկների (ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի) միջեւ այդպիսի լարվածությունը, որ դառնում է կազմակերպության ֆլագմանը, չարժե: Հնարավոր է, Ռուսաստանը դիտավորյալ Հայաստանին հարվածի տակ չդրեց: Չպետք է մտածել, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը բոլոր խնդիրները կլուծի.,- նշեց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ի կարեւորությունն այն է, որ բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են մնում:




























