ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային եւ նրա հետ քննարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելանն առնչվող հարցեր:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, Պաշտպանի գրասենյակի աշխատակիցների՝ մարզերում ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:
Իր խոսքում Բուայան հատուկ կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը եւ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման համար իրականացվող ծրագրերում Պաշտպանի դերակատարությունը: Նա կարեւորել է նաեւ Պաշտպանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կատարման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունենալու անհրաժեշտությունը: Սա հանդիսանում է միջազգային լավագույն փորձ եւ կարեւոր է մյուս երկրներում այն տարածելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական:




























