Չորս ամիս շարունակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մի խումբ երիտասարդներ մասնակցել են «Enterprise Development using Java Technologies» ծրագրին, որն իրականացվում էր «IUNetworks» ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագրի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին եւ՛ տեսական, եւ՛ գործնական գիտելիքներ Java եւ Web տեխնոլոգիաների ոլորտում: Ամենաբարձր որակավորում ունեցող դիմորդները՝ թվով 11 հոգի, հնարավորություն ստացան մասնակցել պրակտիկայի ծրագրին եւ աշխատանքի անցնել «IUNetworks» առաջատար ընկերությունում:
«Ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացվել մի քանի փուլով՝ հարցազրույցների եւ թեստավորման միջոցով: Առհասարակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի առաքելությունն է շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստել ոլորտի ընկերությունների համար: Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը եւս տվեց իր արդյունքը, եւ կենտրոնի իրականացրած կրթական դասընթացների շնորհիվ 11 երիտասարդներ ձեռք բերեցին համախատասխան գիտելիք ու աշխատանք»,- նշում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնիծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:
Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Հայաստան) եւ C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երեւանի պետական համալսարանում եւ կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ ուսանողների, մասնագետների, դասախոսների եւ առհասարակբոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են եւ ցանկանում են սովորել ծրագրավորում:





























