Կառավարության նոր ծրագիրը հնից տարբերվում է նրանով, որ մեկը 500 էջ էր, իսկ նորը՝ 50։ NEWS.am-ի հետ զրույցում ծրագրի մասին իր կարծիքն այսպես ձեւակերպեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը։
«Դուք ուսումնասիրեք ու տեսեք՝ ինչպիսինն է, կապրենք՝ կտեսնենք․․․»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ ծրագրում նշված են իշխանության մշտական հին ու չիրականացած խոստումներն, արձագանքեց․ «Բայց ով խոստում չի տալիս, ամբողջ աշխարհն էլ խոստում է տալիս, որոշներն իրականացնում են, որոշները՝ ոչ, որոշները՝ թերի, դա շատ բարդ համադրելի զուգորդությունների շարան է»,-մանրամասնեց Հակոբ Հակոբյանը։
Նա շեշտեց, որ այս ծրագրում նախանշված առաջնահերթությունները մինչեւ ապրիլյան խորհրդարանական ընտրություններ իրականացնելու ֆինանսական ռեսուրս կա. «Ռեսուրս, իհարկե, կա։ Դա կադրային բազան է, քաղաքական մոտեցումներն են, սրանք ռեսուրսներ են»։
Իշխանության ներկայացուցիչը ընդգծեց, որ առանց նոր վարկերի էլ Հայաստանն ունի այնքան հնարավորություն, որ իրականացնի ծրագրում առկա դրույթները։
«Ուրեմն կա հնարավորություն, վարչապետը կասի քննարկումների ժամանակ, թե դրանք որտեղից կստեղծվեն»,- նշել է Հակոբյանը։




























