ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեեւի գլխավորությամբ:
Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 19-22-ը, Երեւանում եւ նվիրված է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին ու ինստիտուտին Հայաստանի անդամակցության 25-ամյակին:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ կարեւորել միջազգային գիտաժողովի անցկացումը Երեւանում, որի շրջանակներում մեկ հարկի տակ են հավաքվել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 17 անդամ պետություններից անվանի գիտնականներ, բարձրաստիճան հյուրեր, ինստիտուտի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Անվանի գիտնականների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները եւ հավաքը մեկ տեղում Սերժ Սարգսյանը լավ հնարավորություն է համարել գիտական հանրության ներկայացուցիչների եւ հատկապես երիտասարդ գիտնականների համար՝ գիտության ասպարեզում բարձր նվաճումների հասած անհատականությունների հետ անմիջական շփում ունենալու առումով:
Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները ոչ միայն գիտական, այլ նաեւ տարբեր մշակույթներ եւ ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անձանց միջեւ երկխոսության հնարավորություն է՝ միտված համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն ու ոլորտի արդիական խնդիրների քննարկմանը: Հանրապետության նախագահը կարեւորել է միջազգային գիտական ծրագրերին հայ գիտնականների ակտիվ մասնակցությունը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում համակողմանիորեն խթանում է գիտության զարգացումը եւ խրախուսում է Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը:
Վիկտոր Մատվեեւը իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար, անդրադարձել ինստիտուտի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանն ինստիտուտին անդամակցումից ի վեր՝ անցած 25 տարիներին բավականին ակտիվորեն է մասնակցել ինստիտուտի գործունեությանը:





























