Ինձ թվում է՝ Ռուսաստանում հստակ հասկանում են, որ Կովկասում գերիշխանության պահպանման բանալին, եթե կարելի է այդպես արտահայտվել, Հայաստանում է:  NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Եթե բանալին կորցնեն, կկորցնեն ոչ միայն Հայաստանը»,- նշեց Նավասարդյանը: Նրա խոսքով՝ իրավիճակը հակառակ նշանակություն էլ ունի, բայց, ցավոք, Հայաստանում եւս դա ոչ բոլորն են հասկանում. «Երբ այս մասին խոսում եմ, ինձ մեղադրում են: Ես ուղղակի սթափ դատող դիվանագետ եմ, լավ եմ պատկերացնում իրավիճակը»: Հարցին՝ այդ դեպքում Հայաստանի հետ ի՞նչ տեղի կունենա՝ հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությունը, Արման Նավասարդյանը նշեց. «Դուք ինքներդ ձեր հարցին պատասխանեցիք»:

Այս առիթով Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ լորդերի պալատում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին իր ժամանակին հայտարարելով Թուրքիայի հայ բնակչության պաշտպանության նպատակով  անգլիացիների ռազմական միջամտության անհնարինության մասին՝ ասել է հայտնի արտահայտությունը՝ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական Տավրոսի գագաթը»:

«Ամերիկան լավն է, Արեւմուտքը լավն է՝ այնքանով, որքանով: Այլ հարց է, որ մենք չպետք է միակողմանի քաղաքականություն վարենք: Այս սա է իմ համոզմունքը: Մի ամբողջ գիտություն կա՝ փոքր երկրների քաղաքականությունը»,- ամփոփեց Նավասարդյանը: