Հայաստանն աստիճանաբար կներդնի էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է Կարեն Կարապետյանը։
Առողջապահության ոլորտում մեր հիմնական նպատակը հիվանդի՝ բուժհաստատության ընտրության հնարավորությունը մեծացնելն է, ինչը կնպաստի մատչելի գներով ծառայության որակի բարձրացմանը։ Մասնավորապես, այդ նպատակով պետական պատվերի շրջանակում նախատեսում ենք բուժհաստատության կանխավճարային ֆինանսավորման համակարգից անցնել հիվանդի բուժման առավել արդյունավետ եւ անհատականացված հետվճարային համակարգի:
Այդ նպատակին հասնելու համար նախատեսում ենք էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրման շնորհիվ ապահովել հիվանդների բոլոր փաստաթղթերի անմիջական հասանելիությունը եւ հիվանդանոցների աշխատանքի օպտիմալացումը: Համակցելով այս համակարգը միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների եւ պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հետ՝ հնարավորություն կունենանք իրականացնել աշխատանքներ պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ:




























