Հայերն հաճույքով իրենց քույրերին եւ դուստրերին կտան օտարի հարեմ, բայց չեն ուղարկի զինվորական ծառայության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով երկրի պաշտպանության հարցերին։
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ դեռեւս 5 տարի առաջ 10 ամսով կամավորության սկզբունքով կանանց բանակ զորակոչելու մասին նախագիծ է ներկայացրել կառավարությանը, որն ընդունվել է, քննարկվել է, սակայն, այդպես էլ շարունակություն չի ունեցել. «Սեյրան Օհանյանը հատուկ հանձնաժողով ստեղծեց, բայց այդպես էլ շարունակություն չտրվեց։ 10 ամիս ծառայելուց հետո, պետության պարտականությունը լինելու էր այն, որ դրա փոխարեն ուսման վարձր վճարեն։
Կարեւոր խնդիր կա, մենք չունենք պահեստազոր, պարզ բան է, ցանկացած դպրոցական պետք է իմանա՝ երկու տարի ծառայած երիտասարդը գալիս է այն գիտակցությամբ ու պատասխանատվությամբ, որ 18 տարի հայրենիքին որպես պահեստազորային պետք է ծառայի։ Հիմա գիտեն, որ երկու տարի ծառայելուց հետո, կարող են թողնել գնալ երկրից»,-ասաց նա։




























