Եվրոպայի Խորհուրդը կարող է աջակցել ղարաբաղյան հարցի կարգավորմանը միայն հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպելու միջոցով, հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Թորնբյորն Յագլանդը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Եվրոպայի Խորհուրդը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին:
«Մենք չենք կարող անմիջականորեն միջամտել հակամարտությանը: Ղարաբաղյան խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի ձեւաչափով, որը պարբերաբար հայտարարում է հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության մասին»,- ասել է Յագլանդը՝ հավելելով, որ ԵԽ-ն կարող է աջակցել հակամարտության լուծմանը միայն այն դեպքում, երբ նրա կողմերը կատարեն քաղաքացիական հասարակության կայացման իրենց պարտավորությունները: Ղարաբաղյան խնդրի լուծմանն աջակցելու ուղիների որոնման համատեքստում Յագլանդը, չգիտես ինչու, հիշել է հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ հայտարարելով, թե «հարցի լուծմանը կարող է նպաստել այդ արձանագրությունների վավերացումը»: Զարմացած հայացքներին ի պատասխան Յագլանդն ասել է, թե նկատի ուներ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը:



























