ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել ժամանակավորապես հեռացնել գործկոմի երկու պաշտոնյաներին՝ նիգերիացի Ամոս Ադամին եւ թաիթցի Ռեյնոլդ Տեմարիին:

Նրանք կասկածվում են 2018/2022 աշխարհի առաջնությունների կազմակերպիչ-երկների ընտրության ժամանակ իրենց ձայների վաճառքի մեջ: Բացի այդ, էթիկայի հանձնաժողովի նախագահ Կլաուդիա Սուլսերը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում նաեւ երկու ազգային ֆեդերացիաների նկատմամբ, որոնք մեղադրվում են դավադրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, The Sunday Times-ի լրագրողները մեղադրել էին ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին, որ նրանք համաձայնել են քվեարկել ԱՄՆ-ի օգտին, որը 2018-ի առաջնությունն ընդունելու հայտ էր ներկայացրել: ՖԻՖԱ-ն հրաժարվել էր մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ չի ուսումնասիրվել ողջ տեղեկատվոթյունը:

Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է 2018թ. առաջնությունն ընդունելուց: Ուստի  մնում են չորս հայտեր՝ Ռուսաստանի, Անգլիայի, Իսպանիայի ու Պորտուգալիայի (միասին) եւ Բելգիայի ու Հոլանդիայի (միասին):