Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հայկ Համբարձումյանի առողջական վիճակն արդեն լավ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալից՝ նշելով, որ զինծառայողը Վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
Հայկ Համբարձումյանը վիրավորում էր ստացել կրծքավանդակի շրջանում է, նա ունի լյարդի վնասվածք:
Նշենք, որ վիրավոր զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով Երեւան էին տեղափոխել:
Հայկը Երեւանից է, ունի իրենից մեծ քույր: Զինվորի մայրը մահացած է, Հայկն ապրում է հոր եւ քրոջ հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լեւոնի Համբարձումյանը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























