Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքը Երեւանի ավագանու նիստում Անահիտ Բախշյանի հարցադրմանը, թե «Լավ ենք անում ու էլի ենք լավ անելու» արձագանքը դուրս էր էթիկայի տիրույթներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Ս.թ. հոկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու նիստում «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հարց բարձրացրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցապատման մի թույլտվություն տալու հիմքերի՝ իրականությանը չհամապատասխանելու կապակցությամբ: Բարձրացված հարցը վերաբերում էր ոչ թե կառուցապատողի արժանի լինել-չլինելուն, այլ նրան, որ թույլտվության մեջ տարածքի մասին նշվել էր, թե այն «հարթ եւ անբարեկարգ է», մինչդեռ իրականում այն «թեք, բարեկարգ, կանաչապատ գազոնի մի մասն է»: Հարցում առկա մտահոգությունը վերաբերում էր նրան, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել նման՝ իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներով թույլտվությունները ապագայում բացառելու համար:
Ցավալիորեն Երեւանի քաղաքապետի արձագանքը դուրս էր էթիկայի ու անգամ քաղաքական բանավեճի մշակույթի տիրույթներից եւ հիմնական ասելիքը ամփոփվեց «Լավ ենք անում ու էլի ենք լավ անելու» բանաձեւում: «Բարեւ Երեւան» խմբակցությունը նախընտրեց կրքերը չշիկացնել նիստում՝ քաղաքապետին հնարավորություն տալով գիտակցել իր պատասխանի անթույլատրելիությունը ոչ միայն քաղաքական բանավեճում, այլ նաեւ ընդհանրապես, որպես մտածողություն՝ կառավարում իրականացնելիս:
Հոկտեմբերի 27-ին լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը պայթեցին Երեւանում Տպագրիչների փողոցում 1920-ականներին կառուցված տպարանի շենքի պայթեցման լուրից ու տեսանյութից: Հանրության համար անհայտ է ոչ միայն այդ շենքի ապամոնտաժման հիմնավորվածությունը, այլեւ դրա իրականացման՝ պայթեցման օրինականությունը հանրության ու շրջակա տարածքի բնակիչների կյանքի ու անդորրի վտանգման եղանակով: Դժբախտաբար, ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարը կատարվածում իր գերատեսչության «պատասխանատվության բացակայությունը» հիմնավորել է սեփականատիրոջ որոշումով, շենքի՝ պատմամշակութային արժեքների ցանկում ընդգրկված չլինելով եւ այլ փաստարկներով:
Այս երկու դրվագները լավագույնս ցույց են տալիս, որ ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգում, այլեւ ընդհանուր առմամբ հասարակության մեջ արմատացել է «Լավ եմ անում, անում եմ, էլի եմ լավ անելու» փիլիսոփայությունը: Եւ դա նորանոր ավերներ է բերելու, քանի դեռ չի գիտակցվել այդ մտածողության արատավորությունը, որ «լավ անելը» պետք է նույնանա «օրինական ու հանուն հանրային շահի անելու» հետ:
Ակնկալում ենք Երեւանի քաղաքապատերանի ու քաղաքապետի բացատրությունը եւ դատապարտումը Տպագրիչների փողոցում կատարված բարբարոսության կապակցությամբ, եւ հորդորում մտածել ավագանու նիստում բարձրացված հարցադրման վերաբերյալ, հատկապես, երբ քաղաքապետն է թիվ մեկ շահառուն նրա, որպեսզի «այլեւս ոչ մեկը այսպես լավ չանի»:




























