Գագիկ Ծառուկյանի աշխատավարձից պահումներ են կատարվել խորհրդարանի նիստերից բացակայելու պատճառով: Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար   Վահե Էնֆիաջյանը:

Անդրադառնալով Ծառուկյանի, որպես պատգամավորի, աշխատանքին՝ Էնֆիաջյանը նշել է, որ պատգամավորական գործունեությունը միայն օրենքների մշակման աշխատանքը չէ, այլ նաեւ բարեգործական միջոցառումները, դա ժողովրդին ցուցաբերվող աջակցությունն է:

««Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը երկար տարիներ ղեկավարել է ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Ձեզ ի՞նչ է թվում՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ էր անմասն մնալ խմբակցության կատարած աշխատանքին, նրա բարձրացրած հարցերին: Նա միշտ ինքն է վարել խմբակցության նիստերը, ղեկավարել է կուսակցության քաղաքական կուրսը»,- հավաստիացրել է խմբակցության քարտուղարը: