Տեսականորեն չկա այդպիսի ուժ, որ «Համախմբում» կուսակցությունը հայտարարի, որ չի համագործակցելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանն՝ անդրադառնալով 2017-ի ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու անհրաժեշտությանը։

«Բայց թե կոնկրետ որ ուժի հետ, այս պահին չունենք քննարկում եւ ըստ այդմ չունենք որոշում, բայց որ հետագայում մենք ինքներս էլ կսկսենք քաղաքական կոնսուլտացիաներ դրա շուրջ, դա ակնհայտ է։ Միասնական  դաշինքի անհրաժեշտություն կա։ Ես հույս ունեմ՝ կլինեն նման  բաներ։ Արդեն իսկ քաղաքակն ուժերի հայտարարությունների մակարդակում երեւում են նախադրյալներ»,-ասաց  Ստեփան Մարգարյանը։

Նշենք, որ արդեն իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ պատարստ է միասնական դաշինքով համագործակցության ձեւաչափեր քննարկել քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել եւ երկրում հաստատել օրինակարգ ու ժողովրդավար համակարգ։

Հարցին՝ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց․ «Առաջիկայում մենք ինքներս  քննարկելու ենք հարցը, դա մեր կուսակցության օրակարգում կա, սակայն ում հետ, ինչպես երբ, դեռ հստակ չէ, առաջիկայում այդպիսի խորհրդակցություններ կունենանք եւ հայտնի կլինի։ Մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել համախմբման ուղղությամբ քննարկումներ  սկսելը մեր դիրքորոշման մեջ կա»,-ասաց Մարգարյանը։

 Նա նշեց, որ մեկ ամսից ամեն ինչ պարզ կլինի։