Սարի թաղում հուլիսի 19–ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված երիտասարդների ծնողները նոյեմբերի 2-ին նախագահականի դիմաց բողոքի ակցիա կիրականացնեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հարազատներից մեկը: Նա նշեց, որ բողոքի ակցիայով պահանջելու են արդարացում եւ իրենց հարազատների ազատ արձակում:
Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմում-նամակ են հանձնել ՀՀ ՄԻՊ գրասենյակ՝ մարդու իրավունքների պաշտպանից պահանջելով աջակցել իրենց հարազատներին ազատ արձակելու հարցում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը սույն թվականի հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:




























