Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով նախօրեին ձերբակալված փաստաբան Էլզա Զաքարյանը հրաժարվում է ցուցմունք տալուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:
Ավետիսյանը նշեց, որ ինքը միայն երեկ ուշ երեկոյան է ներգրավվել որպես հանրային պաշտպան եւ այս պահին ավելին ասել չի կարող:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Էլզա Զաքարյանը, որը քաղաքացիական գործերով փաստաբան է, կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:




























