Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի պաշտպանի՝ նրա կալանքի երկարացման դեմ բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Վարդանյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը: Նա նշեց, որ պատրաստվում է բողոք տանել Վճռաբեկ դատարան:
Փաստաբանը խոսքով՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության մեջ գտնվելու հետ: Չնայած այդ առողջական խնդիրներին, Հովհաննես Վարդանյանը հրաժարվում է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս:
Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:




























