Հացադուլից հետո «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կարգավորվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա նշեց, որ երեկ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Կարո Եղնուկյանի՝ քննիչի կողմից տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքը, որը, սակայն, հետաձգվել է:

«Որոշվել էր, որ սահմանափակվի քննիչի կողմից Կարո Եղնուկյանի հեռախոսազանգերն ու տեսակցությունները: Քննության ժամանակ ներկայացվեց քննիչի որոշումը, որտեղ որեւէ հիմանվորում չկար: Դատարանը քանի որ այդ դատական ակտերին ծանոթ չէ, հետաձգեց դատական նիստը»,-ասաց նա:

Նա նշեց, որ քննիչը որոշում է կայացրել մասամբ փոփոխել որոշումը՝ մոր եւ անչափահաս երեխային տեսակցություն թույլատրելու մասով:

Կարո Եղնուկյանի՝ քննիչի կողմից տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքը տեղի կունենա նոյեմբերի 8-ին: