Այսօր սովետական իմպերիան մասամբ վերականգնվել է եւ այդ պատճառով էլ Հայաստանում այսօր քաղբանտարկյալների մասին մոռացել են եւ նրանց համարում են երկիր քանդող: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ Խորհրդային տարիների քաղբանտարկյալի օրը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խորհրդային շրջանի այլախոհ, քաղբանտարկյալ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Այսօր մասամբ վերականգնվել է սովետական իմպերիան, այդ պատճառով էլ չեն գնահատվում քաղբանտարկյալները: Մի կողմից լավ է, որ խորհրդային շրջանի քաղբանտարկյալների մասին, որոնք համարվում են անկախականներ, այսօր մոռացել են, հակառակ դեպքում նրանց կարող են նորից կալանավորել՝ Խորհրդային Միությունը քանդելու համար: Ղեկավարները, որոնք մասնակցել են Սովետական Միության ապակենտրոնացմանը՝ Շուշկեւիչը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունից հեռացրել են, իսկ նրանք, որոնք իշխանության մեջ են մնացել, նրանք Սովետական Միության պահպանման օգտին քվեարկողներն են՝ ալիեւները, նազարբաեւները եւ այլն: Այն մարդիկ, որոնք տրամադրված ցանկացել են անկախ հայրենիք ունենալ ՝ հալածվել են, կալանավորվել են...»,-նշեց Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր էլ կան քաղաքական հայացքների եւ խղճի քաղբանտարկյալներ. «Սովետական Միության ժամանակ հատուկ օրենք կար քաղբանտարկյալների համար, իսկ այսօր ՀՀ Քրեական օրենսգրքում չկա քաղաքական հայացքների համար հալածելու մասին հոդված, սակայն անուղղակիորեն իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկվածներ կան, չեմ ուզում անուններ նշել»:
Ազատ Արշակյանը նշեց, որ հոկտեմբերի 30-ը պետք է Հայաստանում նշվի որպես քաղբանտարկյալների հիշատակման օր, որովհետեւ հարյուրավոր մտավորականներ են իրենց կյանքը տվել հանուն անկախ Հայաստան ունենալու, որոնց մասին այսօր մոռացել են:
Խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ Հայաստանից բացի այլ երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, խորհրդային շրջանի քաղբանտարկյալների գործունեությունը համարվում է ասպետություն, որոնք պարգեւատրվում են տարբեր շքանշաններով, սակայն, Հայաստանում այդ մշակույթն այդպես էլ չձեւավորվեց. «Ուկրաինայում խորհրդային շրջանի քաղբանտարկյալները հերոսացվում են, պարգեւատրվում են ասպետության համար, հերոսի կոչումներ են ստանում, սակայն, Հայաստանում, ցավոք սրտի, այդպես էլայդ մշակույթը չձեւավորվեց»:
Նշենք, որ այսօր Խորհրդային տարիների քաղբանտարկյալի օրն է։ Այն սկսած 1974թ. հոկտեմբերի 30-ից մշտապես մեկօրյա հացադուլով նշել են խորհրդային կալանավայրերում գտնվող քաղկալանավորները։ Ռուսաստանում այդ օրն այսօր պետականորեն նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։




























