Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ 2012 թվականին իր որդու անգլերենի ուսուցիչ Հայկ Գրիգորյանը մեծամասնական կարգով ընտրվեց պատգամավոր:  Հայկ Գրիգորյանը պատգամավորական ակտիվությամբ աչքի չի ընկել այս տարիների ընթացքում: Ազգային ժողովում նրա միակ հիշարժան ելույթը նվիրված էր Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանությանը, որը մեղադրվում էր Գորիսի երիտասարդ բնակչին տեսողությունից զրկելու մեջ: NEWS.am-ը պատգամավորից հետաքրքրվել է` արդյոք վտանգված չէ իր պատգամավորական կարիերան: Հաջորդ խորհրադրանում հայտնվելու երաշխիք տվե՞լ է նախկին մարզպետը, թե ոչ:

Պարոն Գրիգորյան, գաղտնիք չէ, որ Դուք խորհրդարանում հայտնվել եք Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ: Նրա պաշտոնանկությունը, դիրքերի թուլացումը ինչ-որ կերպ ազդելո՞ւ է Ձեր քաղաքական կարիերայի վրա, մտավախություն չունեք, որ հաջորդ ընտրություններին ցուցակում չեք լինի:

Նորից հովանավոր բառն եք ասում, բայց հովանավորը մի քիչ այլ կերպ է, ես Հանրապետական կուսակցության անդամ  եմ: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզի  ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, ունեմ Սուրիկ Խաչատրյանի հետ մտերիմ հարաբերություններ եւ եղել եմ Գորիսում մանկավարժ…Մի օգտագործեք հովանավոր բառը, խնդրում եմ …  Սուրիկ Խաչատրյանի  առաջարկությամբ  կուսակցությունը տվել էր իմ թեկնածության հավանությունը, անցել եմ ընտրական բոլոր թոհուբոհով ու հայտնվել այստեղ: Մինչեւ կուսակցության համագումարը ոչ մի բան հստակ չէ… Իմ կարծիքով դեկտեմբեր-հունվար ամսին հայտնի կլինի կուսակցության ցուցակը, ինչպես կուսակցության ղեկավարը որոշի, այդպես էլ կվարվենք:

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության սերնդափոխությանը, օրինակ ՀՀԿ-ական  պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին ասել էր` մեզ հարկավոր են հասարակության շրջանում ավելի դրական ընկալումով մարդիկ, համամի՞տ եք:

Եկեք կարծիքներով կամ գնահատականներով չխոսենք, որովհետեւ բացասական-դրականը սուբյեկտիվ կարծիք է,  մի մարդը մեկի համար կարող է լինել բացասական, մյուսի համար` դրական: Եկեք մարդկանց գնահատենք իրենց աշխատանքով….

Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո կարծիքներ կան, որ մարզը թոթափվեց նրա լծից, այդպե՞ս է: 

Ձեր ակնարկները այլ ուղղությամբ եք տանում, ես նորից եմ շեշտում, Սուրիկ  խաչատրյանի ժամանակ Սյունիքում եղել է բավականին աշխատանքային  բարձր մթնոլորտ,  եթե կարող են մարդիկ, թող պահեն այս բարձր մթնոլորտը, եթե կարողանան կրկնապատկել, ուրեմն բռավո նրանց:

Գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանը բարձր էր պահում մարզում նաեւ քրեական մթնոլորտը: Նրա անվան հետ առնչվում են մի շարք քրեական գործեր:

Իրավապահները ցանկացած Ձեր նշած քրեական երեւույթի տալիս են իրենց լուծումները եւ տվել են, որոնք փաստերով արձանագրվել են:  ՀՀ Սահմանդրությունը ասում է` մարդը  մեղավոր է, երբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում..

Հիմա Սյունիքի մարզը ազատագրվել է Սուրիկ Խաչատրյանի լծի՞ց, թե՞ դեռ ոչ:

Ախր Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանի լուծ չի էլ եղել, մարզում եղել է Սուրիկ Խաչատրյանի ձեւավորած աշխատանքային մթնոլորտ:

Նոր մարզպետին ինչպե՞ս եք վերաբերում:

Թողեք աշխատի, ես իմ վերաբերմունքը կհայտնեմ, չեմ  ճանաչում իրեն:

Ընտրություններին Սյունիքի մարզում իշխանության օգտին միշտ բարձր արդյունք է ապահովել Սուրիկ Խաչատրյանը: Ձեր կարծիքով իր պաշտոնանկությունից հետո պատկերն ինչպիսի՞ն կլինի:

Դուք մի մոռացեք, որ Սուրիկ Խաչատրյանը  կուսակցության մարզային  տարածքի ղեկավարն է եւ իր ներդրումն ունենալու է դրական առումով:  Ձեր գործընկերները պաշտոնաթող մարդկանցից բազմիցս  հարցազրույցներ են վերցրել եւ չի երեւում, որ նրանք նեղացած են: Սուրիկ Խաչատրյանը հայտարարելէ, որ առողջական խնդիրների պատճառով է դիմում գրել, դա բացարձակապես ճշմարտություն է: Նա սրտի հետ կապված խնդիր ուներ, հիմա բուժման գործընթացում է, վերականգնվում է: Տա Աստված, որ այս վեց ամիսների ընթացքում վերականգնվի եւ իր մասնակցությունը  բերի ընտրական գործընթացներին:

Ամեն դեպքում, Ձեզ հետ դեռ չի՞ քննարկվել Ձեր պատգամավորական  կարիերայի ճակատագիրը:

Ոչ, ես Սուրիկ Խաչատրյանի հետ իմ ապագայի վերաբերյալ որեւէ հարց չեմ քննարկել, ուղիղ  պատասխանում եմ` ես իմ ապագա պլանների մասին չեմ ուզում խոսել, գաղտնիքներ բացել….