Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը, ով հայ հասարակությանը հայտնի դարձավ նրանով, որ հայտարարել էր, թե ի նշան բողոքի ըննդեմ փակ սահմանի, անցել է հայ-թուրքական սահմանը, կրկին ժամանել է Կարս՝ հետը բերելով հանրաքվեի համար նախատեսված քվեատուփ։
Թուրքական Sondakika կայքէջի փոխանցմամբ՝ «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդը եւ Կարսի նահանագային կառույցի ղեկավար Գյուլթեքին Դյունդարը Կարսում մամուլի ասուլիս են կազմակերպել եւ անդրադարձել իրենց ծրագրերին՝ նշելով, թե անհրաժեշտության դեպքում իրենք քվեատուփ կտեղադրեն Կարսի կենտրոնում եւ թող կարսեցիները իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը ասեն։
Թունա Բեքլեւիչը հիշեցրել է, որ իրենք հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարվա կապակցությամբ, ի նշան բողոքի, որ դեռեւս փակ է հայ-թուրքական սահմանը, խորհրդանշական կերպով անցել են հայ-թուրքական սահմանը, բայց ոչ թե թշնամաբար, այլ՝ տեղ հասցնելու խաղաղության եւ եղբայրության պահանջները՝ հավելելով, որ սահմանի հատմամբ իրենք սկսել են «Ցյուրիխ 2»-ը։
«Հիմա մեկ քայլ առաջ ենք գնացել եւ հետներս քվեատուփ ենք բերել։ Դա կտեղադրենք Կարսի կենտրոնում, թող քաղաքացիները իրենց կամքը արտահայտեն սահմանի բացման կապակցությամբ։ Համոզված եմ, որ կարսեցիները «այո» կասեն հայ-թուրքական սահմանի բացմանը»,-նշել է Թունա Բեքլեւիչը։
Թուրք կուսակցապետը հիշեցրել է, որ իրենք 6 ամիս է զբաղվում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, որի շրջանակներում հայ երիտասարդների հրավերով 4-օրյա այցով եղել են Երեւանում, հանդիպել մոտ 40 հասարակական կազմակերպությունների հետ:
«Մենք առաջիկայում կրկին այցելելու ենք Երեւան, հանդիպելու ենք Հայաստանի արտգործնախարարության պատասխանատուների հետ, այնուհետ Թուրքիայի ԱԳՆ-ում կներկայացնենք հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված մեր դիտարկումները»,- ընդգծել է Բեքլեւիչը:



























