Առաջին տպարանի շենքի սեփականատերն ուներ քանդման թույլտվություն, բայց ոչ պայթեցման: Այդ մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Ուստի, ամբողջ պատասխանատվությունը կառուցապատողինն է: Պայթեցման համար նա դիմել էր լիցենզավորված կազմակերպություն, սակայն պայթեցումն ապօրինի էր, եւ քաղաքի իշխանություններն այդ մտադրության մասին տեղյակ էլ չէին, հավելեց նա։
«Ինչ մնում է վարչապետի հանձնարարականին, որ Երեւանը պոլիգոն չէ, նշանակում է, որ հարցը պետք է կանոնակարգել, որ առանց թույլտվությունների նման գործողություններ չկատարվեն»,- ասաց Արեյանը:
Հարցին, թե պաշտոնյաներից ոմանք շենքը «սարայ» են համարում, որովհետեւ հին է ու բարձիթողի վիճակում, Արեյանը պատասխանեց. «Ես չասացի: «Սարայ» բառը դուք արտասանեցիք: Իսկ ինձ համար հիմա էլ կա մշակույթի նախարարի հայտարարությունը, այն է. շենքը ընդգրկված չի եղել մշակույթի հուշարձանների ցանկում, եւ նրա նկատմամբ որոշակի սահմանափակումներ չեն եղել»:




























