«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերները նրան գրավի դիմաց ազատ արձակելու համար գումար էին հավաքել, որը, սակայն, այդպես էլ պետք չեկավ: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի ընկերներից Արմեն Խաչատրյանը նշեց, որ «Վերնիսաժում» արկղ են դրել՝ «Հաց բերողին» օգնելու համար: Նրա խոսքով՝ քաղաքացիները հաճախ են իրենց մոտենում եւ գումար գցում արկղի մեջ. «Մեր տաղավարում արկղ ենք դրել, գումար ենք հավաքում նրա համար: Մտածում էինք, որ գրավի դիմաց ազատ կարձակեն, արկղը կբացենք, կտանք գումարը, բայց, այդպես էլ չեղավ: Անգամ թոշակառուներ են գալիս՝ ով ինչքան կարողանում, տալիս է գումար: Հիմա արկղի հավաքված գումարն էլ ենք փոխանցելու հատուկ բացված հաշվեհամարին»:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ իրենց մոտ վաճառվող, Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքները եւս բոլորը վաճառվել են, նրանք, որոնք գալիս են նրա աշխատանքները գնելու, սակայն, չեն կարողանում՝ գումար են գցում Արթուր Սարգսյանին օգնելու համար տեղադրված արկղում:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ եւ այլն:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար, նրան կալանավորել են:

Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է դպրոցում, այունեհետւ Մանկավարժական համալսարանում՝ դասավանդել ֆիզիկա եւ մաթեմատիկա: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում «Վերնիսաժում»: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին: