Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 31-ից հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ: NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը պահանջում է, որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի չհեռանալու մասին ստորագրությամբ, կամ գրավով:

«Եթե նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մտավախություն ուներ, որ ազատության մեջ պաշտպանյալս նախաքննությանը կխոչընդոտի, հիմա գործն արդեն դատարանում է եւ այդ մասով չի կարող խոչընդոտել նախաքննությանը: Բացի այդ անչափահաս երեխա ունի եւ կին, որոնց միակ խնամողը, կերակրողն ինքն էր: Հիմա կինն ու երեխան իրենց բարեկամներից մեկի տանն են բնակվում, որպեսզի գոնե նրանք խնամեն»,-ասաց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանը նաեւ նշեց, որ պաշտպանյալն արդեն երք օր հացադուլի մեջ է, սակայն, նրան առանձին խուց չեն տեղափոխել՝ պատճառաբանելով, որ ազատ խուց չունեն. «Նա այլ կալանավորների հետ նույն խցում է, որոնք իրենց սովորական առօրյայով ապրում են, սնվում են: Դա նրա նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է, դիմել եմ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներին, ասում են՝ ազատ խուց չունեն: Կարծում եմ սա ողջամիտ պատճառաբանություն չէ, քրեակատարողական հիմնարկը պետք է համապատասխան պայմաններ ունենա կալանավորին պահելու համար»:

Արայիկ Պապիկյանը նաեւ նշեց, որ Նարեկ Սարգսյանին այսօր է տեսակցել եւ տեղեկացել, որ նա բժիշկների հսկողության տակ չէ. «Առողջության հետ կապված բողոքներ չունի: Չնայած մինչեւ մեր հանդիպումը նրան որեւէ բժիշկ չէր մոտեցել, որեւէ զննում չեն կատարել: Բայց, որքան էլ առողջ լինի, հացադուլ անող կալանավորը պետք է լինի բժիշկների հսկողության տակ, բուժաշխատողները պարբերաբար բժշկական զննության պետք է ենթարկեն նրան»,-ասաց փաստաբանը:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործով՝ բացի Սարգսյանից անցնում են եւս 3 մեղադրյալներ՝ Հայկ Հովհաննիսյանը,, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը: